ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՀՆԱՐԱՎՈՐ Է` ԼՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԾԱՎԱԼՎԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿԱՍԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»

«ՀՆԱՐԱՎՈՐ Է` ԼՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԾԱՎԱԼՎԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿԱՍԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
09.10.2009 | 00:00

«Իրավունք de facto» ակումբի հյուրն էր ՀՀ երրորդ արտգործնախարար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ։ Ասուլիսի ավարտից հետո պարոն Արզումանյանը պատասխանեց մեր հարցերին։
-Ձեր կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը բնականոն հունո՞վ է ընթանում, թե՞ ինչ-որ անակնկալներ կան:
-Ընթանում է այն հունով, որը ծրագրել էին ճնշում գործադրած շահագրգիռ կողմերը: Սա է իմ մտահոգությունը։ Փաստորեն, Հայաստանը մասնակից չէ, դուրս է մնացել բանակցություններից, և Հայաստանին թելադրվում են լուծումներ, որոնք հակասում են Հայաստանի պետական շահերին: Այս առումով` արձանագրություններում կան անընդունելի կետեր, որոնց մասին բազմիցս խոսվել է, և որոնց մասին արդեն բացասական տեսակետներ են արտահայտվում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ողջ սփյուռքում, ինչի ականատեսը եղանք Սերժ Սարգսյանի ուղևորության ընթացքում: Այդ առումով` ընթացել են ըստ ծրագրվածի:
-Փաստորեն, տարիուկես արձանագրությունները նախապատրաստվում էին` Սերժ Սարգսյանի նախագահությունը ստանձնելուց հետո:
-Կոնֆիդենցիալ բանակցային գործընթացներ կողմերի միջև եղել են 2004-2005-ից սկսած, ակտիվացավ և տվյալ արձանագրությունների վրա աշխատանքը խթանվեց, հավանաբար, ապրիլի 22-ին ստորագրված ճանապարհային քարտեզից հետո, բայց դրույթների և հայ-թուրքական հարաբերությունների ամբողջ երանգապնակի շուրջ բանակցություններ եղել են դեռ Ռոբերտ Քոչարյանի և Վարդան Օսկանյանի օրոք։ Այդ մասին խոսել է և՛ Օսկանյանը, և՛ միջազգային հրապարակումներ են եղել:
-Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունները զրոյական մակարդակի վրա չեն եղել, երկու կողմերում էլ անընդհատ ինչ-որ գործընթացներ եղել են` մերթ աշխուժանալով, մերթ մարելով: Ինչո՞վ եք բացատրում հիմա այդ գործընթացների նման աննախադեպ գործնականացումը:
-Չէի ասի, թե հայ-թուրքական հարաբերություններ եղել են, եղել են շփումներ, որոնք հարևանների պարագայում անխուսափելի են, որովհետև փոխադարձ օդային տարածք է օգտագործվում, էներգետիկ մի շարք միջազգային պայմանագրեր կան, որոնց մաս են կազմում թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան` ստանձնելով պարտավորություններ, երկու երկրները ներկայացված են միջազգային կառույցներում, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միջազգային կոնվենցիաներ ենք ստորագրել, որոնք և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի վրա ինչ-որ պարտավորություններ են դրել, որոնք անհնար է իրականացնել առանց փոխադարձ համաձայնեցման, կա նաև Սևծովյան համագործակցության կազմակերպությունը, որը հնարավորություն տվեց դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ Ստամբուլում: Հարաբերություններ ասելով` ես հասկանում եմ սահմանի անխափան աշխատանք, փոխադարձ այցելություններ տարբեր բնագավառներում` տնտեսական, առևտրային, մշակութային, գիտական ռեալ պայմանագրերի և դրանց իրականացման առկայություն: Ընդհանուր շփումներ միշտ եղել են, վերջերս խթանվեց այդ գործընթացը` պատճառներն ակնհայտ են:
-Վարդան Օսկանյանը հավաստիացնում է, որ մենք 100 տարի էլ փակ սահմանով կարող ենք ապրել` այդպե՞ս է:
-Որևէ երկիր մեկուսացված վիճակում չի կարող զարգանալ, դա աքսիոմա է ու ապացուցման կարիք չունի: Այս պայմաններում, երբ Հայաստանն իր չորս հարևաններից երկուսի հետ հարաբերություններ չունի, դա, իհարկե, ազդում է երկրի զարգացման վրա: Ցանկացած տնտեսագետ, ցանկացած մարդ, ով զբաղվում է Թուրքիայի հետ առևտրային կամ տնտեսական կապերով, կհաստատի, որ զուտ սահմանի փակումը ստիպում է 30 տոկոսով ավելացնել տրանսպորտային ծախսերը, և ցանկացած ապրանքի ինքնարժեքը մեծանում է: Փակ սահմանի առկայությունը նույնիսկ մեկնաբանելու կամ քննարկելու խնդիր չէ` ով էլ այդ մասին ասի կամ չասի:
-Չե՞ք կարծում, որ իրականում ոչ այնքան Կարսի պայմանագիրը, ոչ այնքան ցեղասպանության խնդիրն են տարակարծությունների պատճառ, ինչքան այն իրողությունը, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Թուրքիան ցեղասպանությունից հետո չեն բանաձևել «պահանջատիրություն» հասկացությունը: Եղել են առանձին անհատների, առանձին կուսակցությունների գնահատականներ, բայց համազգային, պետական մակարդակով չենք բանաձևել` մենք ի՞նչ ենք ուզում Թուրքիայից` հողե՞րը, բարոյակա՞ն փոխհատուցո՞ւմ, փո՞ղ... Գուցե հարաբերությունների չգոյության իրական պատճառն այն է, որ սահմանի երկու կողմերում էլ հասարակական, պետական մակարդակով հստակ ընկալում չկա` հայերին ի՞նչ է պետք, թուրքերն ինչի՞ են պատրաստ: Դա, իհարկե, ժամանակ է պահանջում, բայց և անհրաժեշտություն է բարիդրացիական հարաբերություններ ունենալու համար իսկապես` որևէ պարտադրանքից զերծ:
-Դա ակնհայտ է, բայց պետք է հաշվի առնել, որ ցեղասպանության հարցին Թուրքիայի հասարակության մեջ տաբու է դրված եղել, այդ բառն արտաբերելու դեպքում մարդիկ բանտեր են նետվել: Նոր իրողություն է, որ Թուրքիայի հասարակությունը սկսում է բացվել, Եվրամիության անդամակցության գործընթացին զուգընթաց Թուրքիան ավելի բաց հասարակություն է դառնում, քննարկումներ կան, որոնք պատկերացնել հնարավոր չէր 5 կամ 10 տարի առաջ: Անշուշտ` ցեղասպանության հարցի ավելի լայն քննարկումը կբերի նաև այլ` հարակից հարցերի քննարկման: Ես չեմ հասկանում` ի՞նչ ասել է պետական մակարդակով պահանջատիրության հայեցակարգ մշակելը, և չեմ կարծում, որ դա ընդունելի է: Այլ հարց է, որ կոնկրետ գործողություններով պետությունը, պատկերացում ունենալով իր ապագա հարաբերությունների ողջ ձևաչափի վերաբերյալ, քայլ առ քայլ մոտենա այն իրողություններին, որոնք բխում են Հայաստանի պետական շահերից: Թե պետական շահերն ի՞նչ կթելադրեն տվյալ պատմական ժամանակաշրջանում, ժամանակը ցույց կտա: Ընդհանրապես այսօրվա աշխարհում մեր տերմինաբանությունը մի քիչ հնացած է... Ի վերջո, հայերը պահանջատեր են եղել մինչև ցեղասպանությունը: Պահանջատիրությունն ի՞նչ է նշանակում` դա մեր բնօրրան է եղել, հազարավոր տարիներ ապրել ենք այդ տարածքում, որի համար պայքարը միշտ եղել է` անկախություն են պահանջել, բարենորոգումներ: Ցեղասպանությունից հետո ավելի վատթարացել է վիճակը, ցեղասպանությունը դարձել է հարաբերությունները խոչընդոտող կարևորագույն խնդիր: Կա սփյուռքի շատ բնական պահանջը` ճանաչել ցեղասպանությունը, որովհետև կա հանցագործություն, որն իրականացնողը հրաժարվում է նույնիսկ ընդունել իրողությունը: Սա անընդունելի է: Սա առանձին խնդիր է, որ անպայման պետք է ստանա իր լուծումը, և մենք չպետք է թույլ տանք կասկածի տակ դնելու այդ փաստը` հանձնաժողովների ստեղծմամբ: Այլ հարց է, որ կան պայմանագրեր, որոնք պետք է վերանայվեն: Պատմական նոր իրավիճակներ են ստեղծվում, աշխարհը փոխվում է: Ի վերջո, մինչև 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը Եվրոպայում սահմանները ճշգրտված չէին: Թուրքիայի տարածքային ամբողջականությունը Հայաստանը փաստացի ճանաչել է` ընդունվելով տարբեր միջազգային կառույցներ` առանց հայտարարություններ անելու` ՄԱԿ, ԵԱՀԿ:
-ՈՒրեմն, ինչո՞ւ է Կարսի պայմանագրի վավերացումն այդքան կարևորվում:
-Որովհետև այլ հարց է ճանաչել երկրի տարածքային ամբողջականությունը, այլ հարց` երկկողմ հարաբերություններում քննարկել տարբեր խնդիրներ: Հայ-վրացական հրաշալի հարաբերությունների առկայությամբ, դիվանագիտական հարաբերությունների և փոխադարձ սահմանների անձեռնմխելիության ճանաչման պարագայում կա հայ-վրացական դեմարկացիոն հանձնաժողով, որը 1991-ից մինչ այսօր ճշգրտում է հայ-վրացական սահմանը: Այլ հարց է, որ Հայաստանը չպետք է ճշգրտի իր սահմանները Ճամայկայի հետ, որովհետև նման խնդիր չունի, բայց հարևանների հետ` անշուշտ: Դա կապել սահմանի բացման հետ անհասկանալի ու անտրամաբանական է: Սահմանը պետք է բացվի առանց որևէ նախապայմանի, որից հետո կողմերն ավելի լայն հնարավորություններ կստանան երկկողմ հարաբերությունների զարգացման առումով կոնկրետ քայլեր անելու և բանակցելու հայ-թուրքական պայմանագրի շուրջ, որը կընդգրկի բոլոր կնճռոտ հարցերը, և համատեղ լուծումներ կարող են հայտնվել: Դա երկար գործընթաց է, շտապողականության կարիք չկա: Կա սահմանը բացելու անհրաժեշտություն, կա նորմալ տնտեսական, առևտրային հարաբերություններ սկսելու անհրաժեշտություն, մնացած հարցերը ժամանակի խնդիր են:
-Իբրև երկու երկրների դիվանագիտական հարաբերություններ սկսող փաստաթուղթ` արձանագրությունները չափազանց ծավալուն են ու բովանդակային չպահանջված ընդգրկում ունեն, իբրև երկու երկրների միջև համաձայնագիր շատ թերի են և կիսատ, ինչո՞վ է դա բացատրվում: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման բարդությա՞մբ, գործընթացի անկասելիությունն ապահովելու երաշխիքների կարևորումո՞վ, որ հետքայլը բացառվի...
-Չկա որևէ բացատրություն, եթե լիներ, կարելի էր քննարկել: Բացատրություն չկա, որն աննախադեպ է Հայաստանի պատմության առումով: Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների առումով պետք չէ ծավալվել ու ընդգրկել տասնյակ հարակից խնդիրներ, պետք է ընդամենը հայտարարել, որ կողմերը համաձայնեցին 1964 թ. Վիեննայի կոնվենցիայի հիման վրա ստեղծել դիվանագիտական հարաբերություններ ու վերջ: Մնացածն անհասկանալի է: Եվ բացատրություններ չտալն է պատճառը, որ այսպիսի հակազդեցություն է առաջանում: Եթե բացատրություն տրվեր և այդ բացատրությունն ընկալելի լիներ, կարելի էր ակնկալել այլ դրսևորումներ: Ձեր հարցի մեջ է պատասխանը. քանի որ չկա որևէ բացատրություն, գործընթացն անհասկանալի է ու տարակուսանքի տեղիք տվող:
-Մի քանի օրից արձանագրություններն արտգործնախարարները կստորագրեն, չե՞ք կարծում, որ խորհրդարաններում վավերացման հետ կապված բարդություններ կարող են առաջանալ երկու երկրներում էլ:
-Հնարավոր է` լուրջ քննարկում ծավալվի Թուրքիայում, իսկ Հայաստանում կլինի այնպես, ինչպես կասի Սերժ Սարգսյանը: Եթե պետք լինի, կնախաձեռնվի տևական իմիտացիոն քննարկում, եթե անհրաժեշտ լինի անմիջապես վավերացնել, կարվի մեկ օրում: Հայաստանում դա որոշում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը կորոշի` ելնելով իր անձնական նկատառումներից, իր կոնկրետ հարաբերություններից այս կամ այն ճնշող ուժի հետ: Այդ պատճառով էլ մենք համարում ենք իմիտացիոն գործընթաց կոլեկտիվների ընդհանուր ժողովներից սկսած մինչև համահայկական ուղևորությունները, որոնք ոչինչ չեն որոշում: Մի կողմից` ստանում է բոլորի աջակցությունն իբր, մյուս կողմից` ցույց է տալիս` տեսեք, ինչ ճնշում կա, և ինչ հերոսական ճիգեր եմ գործադրում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար:
-Համահայկական ուղևորությունից առաջ էլ ակնհայտ էր սփյուռքի դիրքորոշումը, ինչու, ուրեմն, նախաձեռնվեց` կրքերը հնարավորինս մեղմելո՞ւ, ոչ թե լսելու, այլ համոզելո՞ւ, հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը համահայկական քննարկման հա՞րց դարձնելու:
-Կարծում եմ, որ քայլը ձեռնարկվեց արտաքին օգտագործման համար: Տեսեք` ինչ ջանքեր են պետք սփյուռքահայությանը համոզելու, որ այսպիսի դարակազմիկ պայմանագրերը հնարավորինս քիչ ցնցումներով անցկացվեն, և ինչ տիտանական աշխատանք է կատարում Սերժ Սարգսյանը: Նա կարողացավ, այնուամենայնիվ, ստանալ որոշ կառույցների համաձայնությունը Հայաստանում, ինչպես կոլեկտիվների հետ հանդիպումներն են վկայում, կա գիտակցություն, որ դա անհրաժեշտ է: Ըստ հայկական լրատվամիջոցների` կա մարդկանց մի ստվար զանգված, որը կտրականապես դեմ է, բայց դա ժողովրդավարության դրսևորումներից է` վերստին իմիտացիոն գործընթաց:
-Իմիտացիոն, բայց քարոզչական տեսակետից` անխոցելի:
-Անխոցելի, թե ոչ` ցույց կտան ժամանակն ու ապագան: Մնացածը կապրենք` կտեսնենք:
-Մի քանի օրից արձանագրությունները ստորագրված կլինեն, որո՞նք են լինելու ՀԱԿ-ի քայլերը:
-Չեմ կարծում` ՀԱԿ-ը փոխի իր ընդհանուր ռազմավարությունը, ՀԱԿ-ը համոզված է, որ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը, Հայաստանը ժողովրդավարական ուղի վերադարձնելու ճանապարհը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, իր պահանջից ՀԱԿ-ը հետ չի կանգնել, արձանագրությունների ստորագրումը ևս մեկ անգամ կապացուցի, թե ինչ կործանարար, ճակատագրական հետևանքներ կարող է ՀՀ-ի համար ունենալ ոչ լեգիտիմ իշխանությունը, որը ենթակա է տարբեր տեսակի ճնշումների և ստիպված գնում է քայլերի, որոնք հակասում են Հայաստանի պետական շահերին: Ես չեմ կարող ՀԱԿ-ի անունից խոսել, բայց վստահ եմ, որ ՀԱԿ-ը կհամագործակցի այն ուժերի հետ, որոնք կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը և դրանով կնպաստեն այս վտանգավոր գործընթացի գոնե սառեցմանը կամ կասեցմանը, հնարավորություն կտան ձևավորելով նոր իշխանություն` բանակցել նոր արձանագրություններ ու պայմանագրեր ստորագրելու համար:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ